ՌԴ դեսպանը հանդիպեց Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի ուսանողների հետ

Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում անցկացվեց հանդիպում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպան Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինի և բուհի ուսանողների մասնակցությամբ։ Ռուսական պատվիրակության կազմում էին ՌԴ դեսպանության խորհրդական, Ռուսաստանի ԿԳՆ ներկայացուցիչ Մ.Վ. Վոժդաևը և Երևանի Ռուսական տան փոխտնօրեն Ե. Ս. Անդրեևան։

Հանդիպման ընթացքում ուսանողները դեսպանին ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին հայ-ռուսական հարաբերություններին, ԵԱՏՄ-ի դերին, անվտանգության խնդիրներին, դիվանագիտությանը և երիտասարդության առաքելությանը։

Ս.Պ. Կոպիրկինը նշեց, որ բոլոր փոփոխությունների պայմաններում Ռուսաստանի մոտեցումը Հայաստանի նկատմամբ մնում է անփոփոխ.

«Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես դաշնակից և եղբայրական երկիր։ Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն ներդրողն ու առևտրային գործընկերն է, ինչպես նաև անվտանգության կարևոր երաշխավորը։ Ռուսաստանը Հարավային Կովկասից չի հեռանում և չի կարող հեռանալ», — ընդգծեց դեսպանը։

 

Դեսպանը նաև կարևորեց հայ ժողովրդի նշանակալի դերը Ռուսաստանի պետականության ձևավորման և զարգացման գործում՝ ընդգծելով, որ հայերը նշանակալի ներդրում են ունեցել Ռուսաստանի պատմության բոլոր փուլերում։ Պատասխանելով երիտասարդության դերի վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշեց․

«Երիտասարդությունն ավելի բաց է աշխարհի նկատմամբ։ Դուք քիչ եք ծանրաբեռնված կանխակալ կարծիքներով, և դա մեծ առավելություն է։ Շատ կարևոր է զգալ փոփոխությունները, պատրաստ լինել երկխոսության և հասկանալ մյուսներին», — ընդգծեց Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինը։

 

Հանդիպման ավարտին մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Դեսպանության և Ռուսական տան ներկայացուցիչներին մասնաճյուղի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և կրթական նախաձեռնությունների համար։
Հյուրերը, իրենց հերթին, բարձր գնահատեցին ուսանողների պատրաստվածությունը և նրանց մասնակցությունը նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայ-ռուսական համագործակցության խորացմանը։

Լրահոս