Մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ. Ռուբեն Ռուբինյան

Մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի, և շատ կարևոր է զգայունություն ցուցաբերել տարբեր հարցերի վերաբերյալ։ Այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին:

Գրիգորյանը նշել էր՝ Արցախում մեր պատմամշակութային ժառանգությունը ներկայացվում էր որպես աղվանական, որից հետո դիմել էր ԱԺ նախագահին՝ դիրքորոշում հայտնելու ակնկալիքով:

«Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են, բայց մյուս կողմից լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե, օրինակ, արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,-ասել է Ռուբինյանը։

«Պարո՛ն Ռուբինյան, զգայունություն ամենևին չի նշանակում լռություն, պետք է որևէ արձագանք հնչեցվեր: Որևէ գերատեսչության կողմից արձագանք չի հնչեցվել և սա խայտառակություն է։ Խաղաղություն ամենևին չի նշանակում սեփական պատմության ուրացում և թույլ չպետք է տրվի, որ մեր պատմամշակութային ժառանգությունը վերացվի, անվանափոխվի: Սա ուղղակի ուրացում է և ոչ թե խաղաղություն:

Ամեն դեպքում ակնկալում եմ, որ Դուք, նաև ի պաշտոնե, համապատասխան դիրքորոշումը կհնչեցնեք և սա ամենևին չի խոչընդոտի խաղաղության հաստատմանը, այլ ընդհակառակը՝ սեփական դիրքերի ամրապնդում կնշանակի»,-նշել է Աննա Գրիգորյանը:

«Իմ դիրքորոշումը հստակ էր՝ Ձեր մատնանշած հայտարարություններն օգտակար չեն խաղաղության խնամքի հրամայականի համատեքստում, և նաև այդ հայտարարություններն անհիմն են: Սա հստակ դիրքորոշում է»,-պատասխանել է Ռուբեն Ռուբինյանը:

Լրահոս

Օրվա կարևոր