Դատարանը կասեցրել է տան աճուրդը, սակայն համասեփականատերերը պնդում են՝ հարկադիր կատարողը անտեսում է դատական որոշումը

Երեք համասեփականատերերի միջև առաջացած գույքային վեճը նոր զարգացում է ստացել։ Սեփականատերերի խոսքով՝ իրենց պատկանող տան հարկադիր վաճառքի գործընթացը կասեցվել է դատարանի որոշմամբ, սակայն, չնայած դրան, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները կրկին փորձում են շարունակել աճուրդի գործընթացը։

Սեփականատերերի ներկայացմամբ՝ տարիներ առաջ համասեփականատերերից մեկը դիմել է դատարան և ստացել համապատասխան որոշում, որի հիմքով հետագայում առաջացել է գույքը վաճառելու և գումարը բաժանելու հարցը։ Սակայն մյուս սեփականատերերը դիմել են դատարան՝ վիճարկելով գործընթացը, և դատարանը որոշել է կասեցնել աճուրդը։

Նրանց խոսքով՝ դատարանի որոշումը ներկայացվել է հարկադիր կատարողին, սակայն վերջիններս շարունակում են պնդել, որ տունը պետք է վաճառքի դրվի։

Սեփականատերերը հարց են բարձրացնում՝ եթե դատարանը կասեցրել է աճուրդը, ապա ինչ իրավական հիմքով են շարունակվում կատարողական գործողությունները։

Նրանք պահանջում են պարզաբանումներ և նշում, որ դատարանի որոշումների չկատարումը կարող է խաթարել քաղաքացիների վստահությունը իրավական համակարգի նկատմամբ։

Լրահոս