Իրանն ու Օմանն առաջընթաց են գրանցում Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության երթուղիների ստեղծման շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ երկու ափամերձ պետությունների միջև բանակցություններն ընթանում են ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական մակարդակներում և նվիրված են նավերի համար անվտանգ մուտքի ու ելքի երթուղիների որոշմանը՝ հաշվի առնելով երկու երկրների ինքնիշխան իրավունքներն ու անվտանգության շահերը։
«Իրանը, Օմանի հետ համագործակցությամբ, աշխատում է այս ռազմավարական կարևորության նեղուցում նավարկության ապագա կարգավորման համար անհրաժեշտ մեխանիզմների մշակման ուղղությամբ»,- հայտարարել է Բաղային։ Նա հավելել է, որ վերջնական արդյունքների մասին կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո։
Ընդ որում, Իրանը պահպանում է Հորմուզի նեղուցով նավարկության սահմանափակումները՝ հայտարարելով, որ դրանք ուժի մեջ կմնան մինչև ջրային տարածքում ԱՄՆ ռազմական միջամտության դադարեցումը։

