«Մահվան հատված» Երևան-Սևան-Իջևան ճանապարհին․ 3 տարում՝ 5 զոհ, 16 վիրավոր

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կիլոմետրը շարունակում է վտանգավոր մնալ վարորդների համար։ Վերջին երեք տարվա ընթացքում այս հատվածում տեղի ունեցած վթարների հետևանքով 5 մարդ մահացել է, ևս 16-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։

Վերջին մահվան ելքով վթարը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ «Արզնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ։

Sputnik Արմենիան արձանագրել է, որ վարորդների մտահոգությունները անհիմն չեն։ Կամրջից առաջ երթևեկելի գոտիներից մեկը տեսանելիորեն շարունակվում է, սակայն մի քանի մետր անց մեքենայի ճանապարհին հայտնվում է բարձր եզրաքար։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պարզաբանել են, որ եզրաքարով առանձնացված հատվածը, որը տեսողականորեն կարող է ընկալվել որպես ճանապարհի շարունակություն, իրականում կամրջային կառույցի անվտանգության գոտին է։ Միաժամանակ գերատեսչությունում ընդունում են, որ տվյալ հատվածում երթևեկության անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ են լրացուցիչ միջոցառումներ։

Լրահոս