Քրեական ոստիկանները հայտնաբերել են տելեգրամյան ալիքների տնօրինողներ և 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին (տեսանյութ)

ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջօրյա հսկողություն և դարանակալում են իրականացրել նշված օգտատերերի բնակության հասցեներում։

Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություններ է իրականացվել մի շարք անձանց բնակության հասցեներում։ Արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեում հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեփի բույսեր, ինչպես նաև 8 188 000 դրամ և 4500 դոլար։

Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության և դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։

 

Լրահոս