Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության․ ԿԺԴՀ ԱԳՆ

Գուտերեշի պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության: Այս մասին ասված է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, որը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԿԺԴՀ ԱԳՆ-ն իր արհամարհանքն է հայտնում թշնամական ուժերի գործողությունների նկատմամբ, որոնք աղավաղում են ինքնիշխան պետությունում մարդու իրավունքների վիճակը և ՄԱԿ-ի սրբազան հարթակը վերածում չարամիտ քարոզչության ասպարեզի, ինչպես նաև վճռականորեն դատապարտում և մերժում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անպատասխանատու միացումն այս ամենին», — ասված է փաստաթղթում:

Փհենյանում քննադատության են ենթարկել նաև առանձին երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույցների պատրաստման ՄԱԿ-ում գոյություն ունեցող պրակտիկան և հատուկ զեկուցողի ինստիտուտը: ԱԳՆ-ում հայտարարել են, որ նման մեխանիզմներն օգտագործվում են ընտրողաբար և չեն համապատասխանում կազմակերպության անաչառության սկզբունքներին:

Առանձին հավակնություններ են ուղղվել անձամբ Գուտերեշին: Գերատեսչությունը պնդում է, որ նրա պաշտոնավարման ընթացքում ՄԱԿ-ը վերածվել է անհավասարարժեք և ոչ ժողովրդավարական կազմակերպության, որը ներկայացնում է առանձին պետությունների և խմբերի շահերը:

ԿԺԴՀ-ում նաև նախազգուշացրել են, որ մտադիր չեն հանդուրժել նման պրակտիկայի շարունակումը ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի օրոք:

«Մեզ համար մարդու իրավունքները պետական ինքնիշխանություն են և բացարձակ իրավունք, որը ոչ մի հանգամանքում չի կարող զիջվել», — ընդգծել են ԱԳՆ-ում:

Հայտարարության առիթ է դարձել ԿԺԴՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի զեկույցը, որը պատրաստվել է Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի համար:

Մասնավորեպես Գուտերեշն անդրադարձել էր, երկրում մարդու իրավունքների ծանր վիճակին, քաղաքացիների ազատությունների սահմանափակումներին և պատժիչ համակարգին։

Լրահոս