Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորում ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը։

Վարչապետը շրջայց է կատարել բացահանքի տարածքում, ծանոթացել հանքավայրի շահագործման համար ստեղծված պայմաններին։ Հաջորդիվ կայացել է Ամուլսարի առաջին ոսկու կորզման և ձուլման հանդիսավոր արարողությունը, որով ազդարարվել է հանքավայրի շահագործման մեկնարկը։

Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և նշել,  որ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը հաջողության պատմություն է: Վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հանքավայրի շահագործման հանդիսավոր արարողությունն անցկացվում է առանց մոտակայքում բողոքի ակցիաների. «Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այս հարցին պատասխանելը, որովհետև բոլորդ գիտեք, որ Ամուլսարի նախագիծը տարբեր դրսևորումներով է արտահայտվել: Մենք նաև այդ անցած ճանապարհը պետք է վերլուծենք՝ հետագայում ներդրումային ծրագրերի հետ կապված գործելակարգեր որդեգրելու համար»:

Վարչապետի կարծիքով՝ կարևորագույն խնդիրներից մեկն այս ամենի վերաբերյալ հանրության ընկալումն ու իրազեկումը բարձրացնելն է. «Մեր քաղաքականությունը, խնդրի հետ առնչվելու առաջին վայրկյաններից,  եղել է հետևյալը՝ նախ պատասխան ձևակերպել հանրությանը հուզող բոլոր հարցերին: Եվ երկրորդը՝ ամեն ինչ անել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորինս տեսանելի և  շոշափելի կերպով այս նախագիծը համարեն նաև իրենցը, և ոչ թե նախագիծ, որ այլ տեղերից այլ  մարդիկ եկել և իրենք իրենց համար իրականացնում են, այլ սա մի մեծ գործընկերություն է ներդրողների, տեղական կազմակերպությունների, Կառավարության և հանրության: Եկեք ի վերջո արձանագրենք՝ այն ընդերքը, որն այսօր մեր աչքի առջև դարձավ ոսկի,  Հայաստանի Հանրապետությանն է պատկանում և Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է: Մեզ համար մեծագույն խնդիր է եղել ի ցույց դնել, որ այդ հարստությունը ծառայելու է Հայաստանի Հանրապետության զարգացմանը և  բարեկեցությանը: Այս ներդրումային ծրագրի ճակատագիրը շատ էական նշանակություն է ունենալու նոր այսպիսի ներդրումային ծրագրեր բերելու համար: Կարծում եմ՝ այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ հաջողություն ենք գրանցել»:

Երկրի ղեկավարն անդրադարձել է ծրագրի շրջանակում ներկրված ժամանակակից տեխնիկային,  տեխնոլոգիական շղթայի սպասարկմանը, որը ենթադրում է բարձր որակավորման նոր աշխատատեղերի ստեղծում, բարձր վարձատրություն և բարեկեցության ավելի բարձր աստիճան։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ տասնյակ խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում բնապահպանական ոլորտի հետ առնչվող բոլոր հարցերին տրվել են պատասխաններ: «Մենք այսօր այստեղ ենք, որովհետև համոզված ենք, որ այդ բոլոր ռիսկերը պարզապես տեղ չունեն: Եվ նաև պիտի արձանագրենք, որ ցանկացած զարգացած երկրի համար այս որակի հանքարդյունաբերությունը, որը բնապահպանական և բոլոր սոցիալական առումով պատասխանատու է, երկրի զարգացման կարևորագույն լոկոմոտիվ է, և այստեղ այդ ամեն ինչը տեսնում ենք»,-շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ հաջորդ կարևոր որոշումը նման ներդրումային ծրագրերի սոցիալական պատասխանատվության ընդգծումն է, որովհետև  ազդակիր համայնքներն  էական աջակցություն կստանան Լիդիան ընկերությունից:

Երկրի ղեկավարի խոսքով՝ Կառավարությունը նախագծում ունի 12.5% բաժնեմաս, որը ՀՀ ժողովրդի լրացուցիչ բաժնեմասն է: Անդրադառնալով համախառն ներքին արդյունքի աճին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը վերջին հինգ տարիներին 7.9% տարեկան միջինում աճ է ունեցել և 2018 թվականից  երկրի ՀՆԱ-ն 2025 թվականի արդյունքներով՝ 53% աճ է ունեցել:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև, որ ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորության արդյունքները կլինեն՝  ճանապարհներ, դպրոցներ, լուսավորություն, անվտանգություն և այլն. «ՀՀ-ում ոչ մի ընտանիք, ՀՀ ոչ մի անհատ, անկախ նրանից, թե բարեկեցության ինչ աստիճանի վրա է և ինչքան եկամուտ ունի տարեկան և ամսական, որևէ մեկն իր, իր ընտանիքի բարեկեցության վրա չի ծախսում և չի կարող ծախսել այնքան գումար, ինչքան ծախսում է ՀՀ պետական բյուջեն և ինչքան ծախսում են ՀՀ համայնքային բյուջեները։ Այս միտքը, երբ առաջին անգամ  հնչեցրել եմ, շատերին է տարօրինակ թվացել, բայց դա գործնական իրականություն է և այս իրականության հետ  բոլորս պետք է առնչվենք և այս իրականությունը բոլորս պետք է տեսնենք: Եվ իհարկե, այս նախագիծը հաջողություն է հենց սրա համար, որ Հայաստանի Հանրապետությունը  սեփական քաղաքացիների անվտանգության, բարեկեցության համար միջոցներ ներդնելու ավելի մեծ հնարավորություն է ստանում: Նոր որակի հանքարդյունաբերությունը նույնպես էական նշանակություն ունի, և մենք այսօր նշում ենք նաև այդ իրադարձությունը, որ այն, ինչի մասին երկար տարիներ խոսել ենք, իրականություն է՝ մենք ունենք նոր որակի հանքարդյունաբերություն: Եվ մեր խնդիրն է լինելու առաջիկայում՝ ինչպես անել,  որ ծրագիրը լոկոմոտիվի նշանակում ունենա և հանքարդյունաբերական մյուս ընկերություններում և մյուս ծրագրերում էլ մենք կարողանանք հասնել այսպիսի ստանդարտների»։

Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս հաջող ներդրումային ծրագրի առիթով: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, որովհետև սրանով մեր երկիրը զարգացման մի նոր փուլ է թևակոխում: Այո՛, Հայաստանի Հանրապետության պատմության առումով սա բավականին մեծ քայլ է, բայց ես հույս ունեմ եմ և համոզված եմ, որ առաջիկայում նման քայլերը մեզ համար կդառնան սովորական և առօրյա: Եվ մեծ քայլ ասելով՝ մենք առաջիկայում ավելի մեծ նախագծեր նկատի կունենանք: Բայց այսօր այս նախագիծն իր դերը կատարում է՝ որպես մի մեծ քայլ ՀՀ հանքարդյունաբերության, ներդրումային և տնտեսության զարգացման պատմության մեջ»:

Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացվում է «Լիդիան Արմենիա» ընկերության և ՀՀ Կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակում։ «Լիդիան Արմենիան» Հայաստան է բերել ժամանակակից և պատասխանատու հանքարդյունաբերության միջազգային լավագույն փորձն ու չափանիշները՝ Ամուլսարում ներդնելով աշխատանքային անվտանգության, բնապահպանական կառավարման, սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ և ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ընկերությունն Ամուլսարի ծրագրում ներդրել է ընդհանուր առմամբ շուրջ 750 մլն ԱՄՆ դոլար, որից 150 մլն ԱՄՆ դոլարը` ՀՀ Կառավարության կողմից տրված պետական երաշխիքի հիման վրա։ Ամուլսարի հանքավայրում նախատեսվում է տարեկան արտադրել շուրջ 210,000 ունցիա ոսկի։ Ըստ մասնագիտական հաշվարկների՝ հանքի շահագործման արդյունքում «Լիդիան Արմենիայի» կողմից պետական բյուջե տարեկան վճարվող հարկերն ու ռոյալթիները կկազմեն շուրջ 130 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանի ՀՆԱ-ի վրա կլինի 1.5–2% դրական ազդեցություն։ Ամուլսարի ծրագրի գործունեության արդյունքում նախատեսվում է ապահովել ավելի քան 4,000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ։ Կառավարության, «Լիդիան Արմենիայի» և Ջերմուկ, Վայք ու Սիսիան համայնքների միջև կնքված Համայնքների զարգացման համաձայնագրով Ամուլսարի հանքավայրի շահագործման ողջ ընթացքում նախատեսվում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին տարեկան ուղղել 7-9 մլն ԱՄՆ դոլար:

Լրահոս