ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսն այսօր Երևանում հայտարարեց, որ Շվեցարիան ցանկանում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացին, եթե Երեւանն ու Բաքուն ուզեն:
«Ես խրախուսում եմ երկու երկրներին՝ շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հարաբերությունների կարգավորմանն ու հատկապես դրա իրագործմանը: Հաշվի առնելով երկխոսությունների ու խաղաղության հաստատման փորձառությունը՝ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմները դա ուզեն», — ասաց ԵԱՀԿ գործող նախագահը՝ Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում:
Շվեյցարիան ողջունում է դրական դինամիկան, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ, ու այն, որ փաստացի խաղաղություն է, նշեց Կասիսը՝ հավելելով. «Գրանցված հաջողությունները հնարավոր են դարձնում կայուն խաղաղությունը»:
Ադրբեջանական բանտերում այժմ 19 հայ գերի է պահվում, նրանք դատապարտվել են 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման։



