Արարատի մարզի Շահումյան համայնքում գազալցակայանների աշխատակիցները շարունակում են սպասել վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին։ Մի քանի օր առաջ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով վերաբացել գազալցակայանները և հնարավորություն տալ մարդկանց վերադառնալ աշխատանքի։
Քաղաքացիների խոսքով՝ մինչ այս պահը որևէ հստակ պատասխան չեն ստացել, իսկ իրավիճակը օր օրի ավելի է ծանրանում։ Նրանք նշում են, որ հազարավոր մարդիկ մնացել են առանց եկամտի, ունեն բանկային վարկեր, պարտքեր և ընտանիքներ պահելու խնդիր։ Շատերի խոսքով՝ արդեն կանգնել են հացի խնդրի առաջ։
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ եթե առաջիկայում իրենց պահանջներին արձագանք չլինի, ապա պատրաստվում են ավելի կոշտ քայլերի դիմել։ Քաղաքացիների խոսքով՝ քննարկվում է նաև ճանապարհ փակելու տարբերակը, քանի որ այլևս չեն տեսնում իրենց ձայնը լսելի դարձնելու այլ միջոց։
Նրանք կրկին կոչ են անում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուշադրություն դարձնել ստեղծված իրավիճակին և հնարավորինս արագ լուծում տալ խնդրին՝ թույլ չտալով, որպեսզի սոցիալական լարվածությունը համայնքում ավելի խորանա։

