Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի ապրիլ ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
ՊԵԿ-ից հայտնում են՝ հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ 143․1 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․
- ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 82 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 17․8 մլն դրամ,
- հանրային սննդի ոլորտում՝ 48 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 14.2 մլն դրամ,
- մթերային խանութներում՝ 42 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.4 մլն դրամ,
- մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 32 խախտում, տուգանքի չափը՝ 7.5 մլն դրամ,
- հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 31 խախտում, տուգանքի չափը՝ 8․6 մլն դրամ,
- հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 29 խախտում, տուգանքի չափը՝ 7 մլն դրամ,
- մսամթերքի առևտրի ոլորտում՝ 25 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 8.3 մլն դրամ,
- ավտոպահեստամասերի առևտրի ոլորտում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ 4.3 մլն դրամ,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 17 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 21.1 մլն դրամ,
- այլ ոլորտներում՝ 123 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 40.9 մլն դրամ։
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 57 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 126, իսկ տուգանքի չափը՝ 31.5 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․
- մթերային խանութի ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 16, տուգանքի չափը՝ 4 մլն դրամ,
- շինարարության ոլորտում՝ 7 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 18, տուգանքի չափը՝ 4.5 մլն դրամ,
- այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 41 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 92, տուգանքի չափը՝ 23 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
- կահույքի առևտրի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.8 մլն դրամ,
- ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 1 մլն դրամ,
- այլ ոլորտներում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ 6.2 մլն դրամ։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

