ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը տեղի կունենա այսօր՝ հունիսի 14-ին՝ վիրտուալ ձևաչափով։ Այն ենթադրելու է զինադադարի երկարաձգում ևս 60 օրով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, ստորագրումը վիրտուալ ձևաչափով անցկացնելու որոշումը կայացվել է լոգիստիկ պատճառներով։ Առանցքային է դարձել այն, որ առերես հանդիպման դեպքում ամերիկյան բանակցային խումբը գլխավորող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չէր հասցնի վերադառնալ հայրենիք նախքան պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մեկնումը Ֆրանսիա՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, ուր նա նախատեսում էր ուղևորվել երկուշաբթի առավոտյան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գործարքը կստորագրվի հունիսի 14-ին։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հուշագրի ստորագրումը հունիսի 14-ին տեղի չի ունենա, սակայն չէր բացառել, որ այդ իրադարձությունը կկայանա առաջիկա օրերին։

