Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման համար դիմումի ներկայացումը և դրա ողջ ընթացքը կազմակերպվելու է «Խնամքի ծառայությունների հերթագրման, հերթերի կառավարման և ուղեգրման տեղեկատվական համակարգ»-ի միջոցով:
Բացի այդ, հստակեցվելու են այդ դիմումի ընթացքին վերաբերող որոշ ժամկետներ, ինչպես նաև ուժը կորցրած են ճանաչվելու այն կարգավորումները, որոնք լրացուցիչ ծանրաբեռնվածություն կարող են առաջացնել խնամք հայցողի համար կամ չեն համապատասխանում տեղեկատվական համակարգի միջոցով դիմումն ընդունելու ու դրանից բխող ընթացակարգերին: Արդյունքում՝ հնարավորություն կստեղծվի տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել՝ դիմումն ընդունելով տեղեկատվական համակարգի միջոցով բացված օգտահաշիվներով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է լավարկել օրենսդրական դաշտը, ինչպես նաև ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը, որոնք կապահովեն ավելի հարմար և մատչելի միջավայր։ Նախատեսվում է նաև սահմանել թվայնացված համակարգին համահունչ ընթացակարգեր:

