Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 3-րդ նրբանցքում գործող «Երևանի ջերմաէլեկտրակենտորն» ՓԲԸ-ում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ՝ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ, նշված ՓԲԸ-ի տարածքի խոտածածկ հատվածում բռնկված կրակի տարածման դեմ պայքարել են տեղի աշխատակիցներն ու անվտանգության ծառայողները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մի քանի ժամ տեղում հերթապահություն են իրականացրել, իսկ այդ ընթացքում էլ մոտ 6 հոգու տեղում օգնություն են ցուցաբերել նշված ՓԲԸ-ի մի քանի աշխատակիցների ու հրշեջների, քանի որ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ նրանց ինքնազգացողությունը վատացել էր ծխահարվելու պատճառով և շտապօգնության ավտոմեքենայում նրանք առաջին օգնություն են ստացել։ Ընդհանուր այրվել է 3 հեկտար չոր խոտածածկ տարածք, փայտե կառուցատարրերը և ՓԲԸ-ի կողմից շահագործվող փայտե տնակ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հրդեհի պատճառը եղել է այն, որ այդ հատվածով անցնող բարձր լարման էլեկտրասյան վրա անցկացված էլեկտրալարերին է դիպչել արագիլը, ինչն ըստ մասնագետների «դուգա» է տվել ու հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո հրշեջները հայտնաբերեցին նաև մոխրացած արագիլին։
