Իրանը պետք է էականորեն կրճատի ուրանի հարստացման իրենց հզորությունները, որպեսզի վերջ դնի Միացյալ Նահանգների հետ պատերազմին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Reutersգործակալությանը տված հարցազրույցում։
«Եթե դուք միջուկային զենք չեք ուզում, ապա ինչո՞ւ ձեզ պետք է մինչև 60% հարստացված վառելիք: Եվ եթե դուք ցանկանում եք ցույց տալ միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու ձեր հանձնառությունը, մի՛ արտադրեք բարձր հարստացված վառելիք: Սա շատ կարևոր հիմնարար հարց է: Կարծում եմ, որ եթե նրանք ցանկանում են ցույց տալ միջուկային զենքի ստեղծումից հրաժարվելու հանձնառությունը, ապա պետք է նշանակալի քայլեր ձեռնարկեն ուրանի հարստացման իրենց հզորությունների ուղղությամբ»,- նշել է Վենսը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է բաց մնալ համաձայնագիր կնքելու համար, բայց միջուկային ոլորտում կոնկրետ զիջումներ է պահանջելու Իրանից։ Նրա վարկածով՝ իրավիճակը բարդանում է նրանով, որ Վաշինգտոնը վստահ չէ, թե ով է որոշումներ կայացնում Թեհրանում։
Վենսը հայտնել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Սակայն, պնդել է նա, պարզ չէ, թե որքան նշանակալի է նրանց ազդեցությունը իրանական իշխանական կառույցում։
«Այն բաներից մեկը, որ մենք նկատել ենք, այն է, որ լիովին պարզ չէ, թե ինչպես են իրենց երկրում որոշումներ կայացվում»,- կարծում է Վենսը:



