Ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել: Դա արդեն իսկ ցուցիչ է այն բանի, որ նա դիվերսանտ չէ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի դիտարկմանը, թե կան շահարկումներ, որ Շաքիում տեղի ունեցածը դիվերսիա էր:
Պատգամավորը նաև նշեց, որ ընդդիմադիրները քննադատել են պաշտպանության նախարարությանը՝ նշելով, որ եղել է թերացում:
«Բնականաբար, թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննության ավարտից հետո»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։



