Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կան վիրավորներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաչատուր Աբովյանի թանգարանի մոտակայքում սեփական տներից մեկի մոտ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու հրազենային վնասվածքով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։
Շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել նրանց, ապա տեղափոխել են հիվանդանոց, իսկ ևս մեկ հոգու էլ տեղափոխել են Թբիլիսյան խճուղուց, ժողովրդին հայտնի լամպերի գործարանի խաչմերուկից։
Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բժիշկներին հնարավոր է եղել փրկել իրենց մոտ տեղափոխված 2 վիրավորների կյանքը։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Այս պահին քրեական ու համայնքային ոստիկանները արդեն պարզել են դեպքերի վայրերը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգից արձակված կրակված ու չկրակված պարկուճներ, արնանման հետքեր, իսկ Թբիլիսյան խճուղում պարեկները վտանգելով իրենց կյանքը վնասազերծել են ինքնաձիգով զինված տղամարդուն, ում վրա եղել են նաև արնանման հետքեր, նրան պարեկները նաև տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա ժամանած 1-03 շտապօգնությունը նրան տեղափոխել է Երևանի թիվ 8-րդ հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ու վիրավորների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։



