Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած. առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա … պահեց, որ տղայիս խփի. Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասներ է պատմել հոկտեմբերի 1-ի իր տանը տեղի ունեցած զինված միջադեպի մասին: 39-ամյա կինը, որը այժմ բուժում է ստանում երևանյան հիվանդանոցներից մեկում, ասում է՝ հասել է տուն ու տեսել զենքը երեխաների վրա պահած տղամարդուն: Հիշում է, որ ադրբեջանցին երեք կրակոց է արձակել: Առաջինը վրիպել է, երկրորդ անգամ, երբ փորձել է կրակել որդու ուղղությամբ, ինքը ձեռքով պահել է ինքնաձիգը: Այս կրակոցի հետևանքով Անին կորցրել է ձախ ձեռքի բութ մատը, իսկ մյուս մատները լրջորեն վնասվել են: Դրանից հետո Անին սկսել է դանակով դիմադրել: «Գնացի առաջ, տեսա՝ երեխեքի վրա է պահած: Առաջ գնացի, ինձ տեսավ, պահեց իմ վրա, մի հատ խփեց, չկպավ, էդ պահին առաջ եկա … պահեց, որ տղայիս խփի: Ձեռքով պահեցի, ձեռքս վնասեցի: Հետո ինձ գցեց կառավաթի վրա ու ու խփում էր, էդ րոպեին եմ ես սկսել խփել: Աղջկաս ասել եմ՝ գնա դարպասը բացի, տղայիս էլ ուզեցի դուրս հանեմ, դուրս չեկավ: Էդ րոպեին զենքը պահեց դոշիս, որ խփի, ես թափով իջեցրի զենքը, ոտքիս կպավ: Էդ րոպեին ես ընկել եմ արդեն: Ընկած վիճակում էլի ուզեց խփի, տեսավ՝ ավտոմատի մեջ [փամփուշտ] չկա, թե ինչ, ուզեցավ էլի լիցքավորի: Պատրոնները վերցրեց, լիցքավորեց, մեկ էլ մի ձևի թուլացավ ու փախավ: Երեխեքը ասեցին՝ մամա փախավ … դրանից հետո մորաքույրս է հասել, մի 5 րոպե հետո նոր ոստիկանները», – պատմում է Անին: Կնոջ խոսքով՝ եթե ինքը չդիմադրեր, հետևանքները շատ ծանր կարող էին լինել. – «Եթե ես էդ րոպեին չկողմնորոշվեի, հիմա համ ես չէի լինի, համ էլ երեխեքը»:

Լրահոս