Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական «ԻՆ Գրուպ» ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեին, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ԻՆ Գրուպ» ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզբել Լոզոյին և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։
Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը՝ ընդգծելով, որ այն ռազմավարական նշանակություն ունի երկրի համար։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ժամանակակից կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր է ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և հուսալի փաստաթղթերի տրամադրման, այնպես էլ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի տեսանկյունից։
Վարչապետը ողջունել է «ԻՆ Գրուպ» ընկերության և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության ներգրավվածությունը ծրագրում՝ ընդգծելով միջազգային փորձի և մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների ներգրավման կարևորությունը պետական նշանակության այս նախաձեռնության իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները, հուսալի նույնականացման համակարգի ձևավորումը և սահմանային վերահսկողության ժամանակակից լուծումների ներդրմանը վերաբերող հարցեր։
Նշենք, որ «ԻՆ Գրուպ» և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների կոնսորցիումի մասնակցությամբ Հայաստանում հիմնադրվել է «ՀայՓաս» ընկերությունը։ Այն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում իրականացնում է Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրման ծրագիրը։


































