Հայտարարագրման ոչ ենթակա եկամուտների նոր տեսակներ ու շեմեր են սահմանվել

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմա­նել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող եկամուտների տեսակներ և շեմեր: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 26-ի նիստին ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Նախարարը հիշեցրեց՝ Ազգային ժողովը 2025 թվականին ընդունել էր մի նախագիծ, որի համաձայն՝ էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտա­րա­րագր­ման համակարգը:

Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ չհար­կվող եկամուտները: Սահ­ման­վել է նաև՝ հայտարարա­գիր ներկայացնելու պարտավո­րու­թյուն ունեցող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:

Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է սահմա­նել հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակներ և շեմեր:

«Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն ստացվող վարկերի գումարները՝ առանց գումարային սահմանափակման, ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից՝ մինչև 1 մլն դրամը միանվագ ստացվող փոխառությունների գումարները, ոչ առևտրային կազմակերպություններից միանվագ՝ մինչև 1 մլն դրամը ներառյալ, անհատույց ստացվող ակտիվները, ժառանգության և նվիրատվության կարգով ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից միանվագ՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ստացվող գույքը ու դրամական միջոցները և այլն»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ այս տարվանից սկսած՝ թոշակառուները ևս պետք է հայտարարագիր լրացնեն: Նրանք պետք է հայտարարագիր ներկայացնեն 2025 թվականի համար 2026 թվականին, եթե տվյալներ հավելելու կարիք չկա, ապա հայտարարագիրը կլրացվի ինքնաշխատ:

Լրահոս