Օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, տեղի են ունեցել քննարկումներ և որոշում է կայացվել կասեցնել ջրամատակարարման ժամանակացույցի գործողությունը։ Այս մասին «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Արտավազդ Ղալամքարյանը։
«Ակնկալվում է, որ առաջիկա երկու շաբաթում լրացուցիչ ուսումնասիրություններ կիրականացվեն Ջրային կոմիտեի, ՀԾԿՀ-ի և «Վեոլիա ջուր» ընկերության կողմից և արդյունքում մենք կունենանք լավարկված, բարելավված ջրամատակարարման ժամանակացույց։
Ինչու ենք կարծում, որ մենք դրա հնարավորությունն ունենք, քանի որ 2024-ից մեկնարկել են կապիտալ աշխատանքների լայնածավալ ծրագրեր, ունենք տարեկան ծավալով գրեթե եռապատկված ծրագրեր, որոնց արդյունքը տեսանելի կլինի 2026 թվականին։
Եռապատկված ծավալներով կապիտալ աշխատանքները և Երևան մղվող հնարավոր ջրածավալների ավելացումը նոր հայտնաբերված ջրաղբյուրների շնորհիվ հիմք են տալիս վստահ լինելու, որ 2026 թվականին խմելու ջրի մատակարարման ժամանակացույցն ավելի լավն է լինելու, քան մենք ունեցել ենք 2024-25 թվականներին»,- ասել է նա։
Ավելի վաղ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել էր, որ Կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխություն չի լինի։
Ինչպես տեղեկացրել էինք Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ:


