Ավստրալիայում առևանգել և դաժանաբար սպանել են 85-ամյա թոշակառու Քրիս Բաղսարյանին, հայտնում է ավստրալիական ABC հեռուստաալիքը։
Երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել սիդնեյաբնակ պապիկի՝ Քրիս Բաղսարյանի ենթադրյալ առևանգման և սպանության համար։ 85-ամյա տղամարդն առևանգվել էր Նորթ Ռայդում գտնվող իր տանից փետրվարի 13-ի վաղ առավոտյան, և ոստիկանությունը կարծում է, որ նա առևանգվել է սխալմամբ։
Հարևան տան տեսահսկման խցիկների ձայնագրության մեջ երևում է, թե ինչպես են երեք տղամարդ առավոտյան ժամը 5-ի սահմաններում տարեց տղամարդուն ուժով նստեցնում ամենագնաց ավտոմեքենան։
Ոստիկանությունը հայտնել է, որ տեսանյութը, որտեղ առևանգողները հարձակվում են Բաղսարյանի վրա, ուղարկվել է փրկագնի պահանջով, ինչն էլ իրավապահներին տարել է դեպի Դյուրալում գտնվող մի տուն: Փետրվարի 20-ին այդ տանը խուզարկություն է իրականացվել, իսկ փետրվարի 23-ին ոստիկանությունը կենտրոնացել է հարևան Գլենորիի թփուտների վրա։
Մեղադրանքները ներկայացվել են այն բանից հետո, երբ որոնումների 11-րդ օրը ոստիկանությունը Սիդնեյի հյուսիս-արևմտյան արվարձանում՝ Փիթ Թաունի գոլֆ-ակումբի մոտակայքում, հայտնաբերել է Բաղսարյանին պատկանող մարդկային մնացորդները։
Մանրակրկիտ հետաքննությունից հետո, չորեքշաբթի առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում, դետեկտիվները՝ Raptor Squad-ի աջակցությամբ, խուզարկության երեք օրդեր են իրականացրել Քենթհերստում, Քասլ Հիլում և Լեյք Մաքուորիում:
Խուզարկությունների ընթացքում ոստիկանությունն առգրավել է տրանսպորտային միջոցներ, էլեկտրոնիկա և հագուստ: Ոստիկանները ձերբակալել են 29-ամյա մի տղամարդու Քենթհերստում և 24-ամյա մի տղամարդու՝ Քասլ Հիլում: Տղամարդիկ տեղափոխվել են Ռիվերսթոունի ոստիկանական բաժանմունք, և նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության, ինչպես նաև մարմնական վնասվածքներ հասցնելու միջոցով փրկագին ստանալու նպատակով խմբակային առևանգման համար:
Նրանց մերժվել է գրավի դիմաց ազատ արձակումը և հինգշաբթի օրը նրանք պետք է ներկայանան Բլեքթաունի տեղական դատարան:
Քննիչները չեն հայտնել Բաղսարյանի մահվան պատճառը:



