Հաշվի առնելով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական բնագավառում երկրների միջև առկա կապերը, նման միջոցառումներ (նկատի ունի նախորդ տարի տեղի ունեցած Հայաստան-Իրան զորավարժությունները – խմբ.) կարող են տեղի ունենալ նաև ապագայում և լինել ավելի մասշտաբային։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Նա հիշեցրել է, որ այս պահին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում, ինչը նույնպես վկայում է երկու երկրների հարաբերությունների վերելքի մասին։ Դիվանագետը պարզաբանել է, որ Պապիկյանի այցը նախապես էր պլանավորված։ «Եվ սա ևս մեկ անգամ փաստում է տարբեր ոլորտներում մեր երկրների միջև փոխգործակցության զարգացման մասին։ Այս այցի շրջանակներում կողմերը կկարողանան կարծիքներ փոխանակել տարբեր թեմաների շուրջ և խորացնել համագործակցությունը», — հավելել է դեսպանը։
Շիրղոլամին նշել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը միշտ եղել է խաղաղության սահման, և այն կարևոր նշանակություն ունի երկու երկրների համար, իսկ ռազմական ոլորտում համագործակցությունը հիմնված է այդ պատմական կապերի, սահմանների անձեռնմխելիության և երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման վրա։




