Մինչև 40 տարեկան դիաբետ ունեցող քաղաքացիներին կտրամադրվեն ինսուլինային գրիչ-անալոգներ. Անահիտ Ավանեսյան

Սիրելի՛ քաղաքացիներ, ուզում եմ կիսվել մի շատ կարևոր և լավ նորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և կից տեսանյութ հրապարակել։
«Որոշում ենք կայացրել, որ 29-ից 40 տարեկան շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիները այսուհետ ունենան հնարավորություն օգտվելու ոչ թե սրվակով ինսուլինից, այլ գրիչ-անալոգներից։ Այսինքն՝ ուլտրակարճ և ուլտրաերկար Լևեմիր և Նովոռապիդ տեսակի գրիչ-ինսուլինային անալոգները հասանելի են լինելու մինչև 40 տարեկան մեր շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիներին։
Բացի դրանից, նրանց կտրամադրվի նաև տարեկան 150 հատ թեստ-երիզներ՝ շաքարը չափելու համար, ինչը նախկինում չունեինք։ Ես շատ ուրախ եմ, որ մենք շաքարային դիաբետը կանխարգելելու և կառավարելու առումով իսկապես շատ մեծ տեմպերով առաջ ենք գնում»,-նշել է նա։
ԱՆ-ում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է նաև դեղապահովման հարցը, խոսվել առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ավելի շատ բուժծառայությունների հասանելիության մասին:
Շահառուներն ու նրանց հարազատները բարձր են գնահատել շաքարային դիաբետ ունեցող երեխաների ու մեծահասակների համար պետական ծրագրերի վերջին տարիների շարունակական ընդլայնումը, վստահեցրել, որ պետական այս մոտեցման շնորհիվ վերջին տարիներին նկատելիորեն բարելավվել է իրենց կյանքի որակը:
Շուրջ երկու ամիս առաջ էլ գլյուկոզի շարունակական մոնիտորինգի ժամանակակից համակարգեր է տրամադրվել երեխաներին ու դեռահասներին:

Լրահոս