20.2% աճ՝ 2009-ից ի վեր ամենաբարձրը․ որքանո՞վ է կայուն շինարարության «վերելքը»

2025 թվականին Հայաստանում ընթացիկ գներով 811 միլիարդ դրամի շինարարություն է իրականացվել։ Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեից (ՎԿ), նախորդ տարվա համեմատ շինարարության ոլորտում 20.2% աճ է գրանցվել։

Շինարարությունը տնտեսության մյուս ոլորտների համեմատ ամենաարագն է աճել և ամենաշատն է նպաստել երկրում գրանցված տնտեսական ակտիվության աճին։  Մասնավորապես, «Լույս» հիմնադրամի վերլուծության համաձայն՝ 2025 թվականին Հայաստանում գրանցված 9.1% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի 2.9 տոկոսային կետն ապահովել է շինարարությունը, մյուս ոլորտներն ավելի փոքր նպաստ ունեն։

Մասնագետները շինարարության աճը պայմանավորում են մեծ մասամբ եկամտային հարկի վերադարձի ծրագրի ժամկետներով։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դրան էապես նպաստել է նաև պետբյուջեի հաշվին կատարվող շինարարությունը։ Չի բացառվում, որ այստեղ դեր է խաղացել հանգամանքը, որ 2025 թվականը նախընտրական տարի էր. 2026-ի հունիսի 7-ին ԱԺ ընտրություններն են։

2025 թվականից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում դադարեցվեց։ Դա ստիպեց, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին օգտվել այս ծրագրից և մայրաքաղաքում գույք ձեռք բերել, շտապեն դա անել մինչև 2024-ի տարեվերջ։ Հին շահառուները շարունակում են օգտվել ծրագրից մինչև վարկի մարման ավարտը։

2025-ին ևս որոշ հնարավորություն կար եկամտային հարկի վերադարձի պայմանով տուն կամ բնակարան ձեռք բերել Երևանում՝ այն կառուցապատողներից, որոնք շինթույլտվությունն ավելի վաղ էին ստացել։

«Շինարարության տեսակետից՝ ունենք մոտավորապես այն իրավիճակը, որն ունեինք 2019 թվականին՝ ավտոմեքենաներիվերաարտահանման ժամանակ։ Բավականաչափ եկամուտներ գոյացան, որովհետև դա վերաարտահանման վերջին տարին էր, բոլորը ցանկանում էին օգտվել։ Շինարարության և բնակարանների ձեռքբերման համար դրանք 2024-2025թվականներն էին»,- «Հետքի» տաղավարում ասել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի գործարարության և տնտեսագիտության քոլեջի դեկան,  նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

Նրա վերլուծությամբ՝ շինարարության աճը Հայաստանում կշարունակվի նաև 2026-2027 թվականներին։ Դրանից հետո բավական կասկածելի է, որ նման տեմպ կգրանցվի, քանի որ այս պահին չկան նախադրյալներ կամ հիմքեր դրա համար։

«Կան նախագծեր, որոնք շինթույլտվություն են ստացել շատ ավելի վաղ և հիմա պետք է ավարտեն շինարարությունը։ Հիմա հիմնականում այդ նախագծերի ավարտական փուլն է, քան բուն կառուցապատման փուլը»,- նկատում է տնտեսագետը։

2015 թվականից մեկնարկած ծրագրի համաձայն՝ եկամտային հարկն ուղղվում է առաջնային շուկայից՝ կառուցապատողից գնվող բնակարանի կամ տան հիփոթեքային վարկի տոկոսագումարները մարելուն։ Պետբյուջեից շահառուներին վերադարձվող գումարները մի քանի միլիոն դրամից հասել են 100 մլրդ դրամի շեմին։

2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական բում էր, կամ ինչպես շատերն են անվանում՝ «շինարարական փուչիկ» (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ)։ Ոլորտի աճը հասնում էր 40-45%-ի։

2008-2009 թվականներից սկսած, երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան, այս ոլորտում խոր անկում գրանցվեց։ Այն շարունակվեց հետագա տարիներին՝ երբեմն գրանցելով փոքր աճ։

2022 թվականից ոլորտն աճում է երկնիշ տեմպով։ 2025-ի աճը, փաստորեն, ամենաբարձրն է 2009-ից ի վեր։

 

 

Շինարարության ծավալների վերջին տարիների բարձր աճը ևս հաճախ  որակվում է «շինարարական փուչիկ»։ Վաչե Գաբրիելյանը համակարծիք չէ։

«Երբեմն օգտագործվում է փուչիկ բառը, և մարդկանց մոտ ստեղծվում է տպավորություն, որ դա իրական աճ չէ։ Փուչիկը ևս իրական աճ է, սակայն խնդիրը դրա կայուն լինելն է՝ որքա՞ն հաստատուն հիմքեր ունի, որ կարող է հետագայում ևս աճ ապահովել։ Շինարարության աճը չի լինելու ավելին, որովհետև ունի սպեցիֆիկ պատճառներ։ Եկամտային հարկի վերադարձի սուբսիդավորման ծրագիրն է, որը տուրբո զարգացում է ստացել Երևանում և Երևանի շրջակայքում»,- ասում է նախկին փոխվարչապետը։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ հատկապես Երևանում երեկոյան կարելի է նկատել, թե որքան քիչ լույս է վառվում նորակառույց շենքերում։ Ըստ Գաբրիելյանի՝ դրանք այն մարդկանց բնակարաններն են, որոնք գնել են ոչ թե բնակվելու համար, այլ՝ որպես ներդրում, խնայողություն։

«Այդ խնայողության միջոցները շատ հաճախ նաև դրսից են՝ այն հայերի համար, որոնք ուզում են Հայաստանում սեփականություն ունենալ»,- ասում է նա։

Այն, որ շինարարության գերակշիռ մասը կառուցապատողներին է բաժին ընկնում, հաստատվում է նաև վիճակագրությամբ։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականին 811 մլրդ դրամի շինարարության 44%-ը՝ 357 մլրդ դրամ, կազմակերպությունների միջոցներով է կատարվել։ Խոսքը հենց կառուցապատողների մասին է։

2024 թվականի համեմատ կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության ծավալներն աճել են 10.3%-ով։

Ընդ որում՝ երբեմն հնչող վարկածը, որ այստեղ նաև օտարերկրյա էական ներդրումներ են կատարվում, հերքվում է։ 2025 թվականին օտարերկրյա ներդրող համարվող կազմակերպությունների կողմից ընդամենը 1.6 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։

Շինարարության ծավալների ընդհանուր աճը միայն կառուցապատողների հաշվին այդքան մեծ չէր լինի, եթե չլիներ պետբյուջեի հաշվին շինարարության ավելացումը։

Պետբյուջեի միջոցներով է կատարվել է 242 մլրդ դրամի շինարարություն, որը նախորդ տարվա համեմատ 37.2%-ով աճել է։ Սրա մի մասն էլ, իր հերթին, կատարվել է միջազգային վարկերով՝ 50 մլրդ դրամի։ Պետական բյուջեի հաշվին կատարվել են դպրոցների, տարբեր հաստատությունների, ճանապարհների շինարարական աշխատանքները։

Այսինքն՝ բացի կազմակերպություններից, շինարարության ծավալի ընդհանուր աճին էապես նպաստել է նաև պետությունը։ Կա վարկած, որ դա պայմանավորված է այս տարվա հունիսին սպասվող ԱԺ ընտրություններով. նախընտրական տարում իշխանությունները, հնարավոր է, փորձել են տեսանելի արդյունքներ ցույց տալ։

Կրկին համեմտության համար նշենք, որ օրինակ, 2024-ին պետական միջոցներով շինարարությունն աճել է 14.8%-ով, 2023-ին՝ 8%-ով, 2022-ին՝ 3%-ով։ Թեև աճի տեմպը այդ տարիներին որոշակի արագացել է, սակայն 2025-ի աճը թռիչքային է։

Այս ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել նաև բնակչության և համայնքային միջոցներով կատարվող շինարարության ծավալները։

 

 

ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ ևս եկամտային հարկի վերադարձի ծրագրի ազդեցության մարումից հետո շինարարության ոլորտի բարձր աճը երաշխավորված չէ։

Ըստ նրա՝ եղած աճը դրական է, բայց համակարգային իմաստով պետք է մտորել։

Ուշագրավ է, որ եկամտային հարկի վերադարձի ծրագրի սահմանափակումներն արդեն ազդել են հիփոթեքային շուկայի վրա։ Ընդ որում՝ այս միտումը նկատելի էր դեռևս նախորդ տարվա առաջին կիսամյակում։

Կենտրոնական բանկի հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է 7.8 տրիլիոն դրամ։ Դրա 1.7 տրլն դրամը հիփոթեքային վարկերն են, որոնք 2024-ի դեկտեմբերի համեմատ աճել են 13%-ով։ Համեմատության համար՝ 2024-ի վերջին, 2023-ի վերջի համեմատ, աճը 37% է եղել, 2023-ին՝ 26%։

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ 2025 թվականին հիփոթեքային վարկերի աճն ապահովել են առավելապես մարզերը, շեշտել է Արմավիրն և Կոտայքը։

Շինարարության 43.1%-ը բաժին է ընկել Երևանին

2025 թվականին Հայաստանում  կատարվող շինարարության 43.1%-ը կամ 349 մլրդ դրամն իրականացվել է Երևանում։ Նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալները մայրաքաղաքում աճել են 19.4%-ով։

Մարզերից ամենաակտիվը Կոտայքն է՝ 114 մլրդ դրամ, աճը՝ 46%։

Ըստ ընդունված որոշումների՝ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը 2027 թվականի հունվարի 1-ից չի գործելու Երևանին կից մարզերում։ Ամենայն հավանականությամբ, սա նպաստել է նշված մարզերում շինարարության ակտիվացմանը, և պոտենցիալ շահառուները շտապում են անշարժ գույք ձեռք բերել՝ օգտվելով այդ ծրագրից։

Կոտայքին հաջորդում է Արմավիրը՝ 63 մլրդ դրամով և 15.9% աճով։ Այս ծավալի գրեթե կեսը պետական միջոցներով է, մյուս մասը՝ կազմակերպությունների և բնակչության։

Մյուսը Սյունիքն է՝ 58 մլրդ դրամ, աճը՝ 56.7%։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այս տարվա փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի  Քաջարան-Ագարակ հատվածում (Սյունիքի մարզ) ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվել նախորդ տարի և շարունակվում են այսօր։ Ըստ նրա՝ այս պահին այդ շինարարությունը համարվում է Հայաստանում ամենամեծը։

Վիճակագրական կոմիտեի տվյալների ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ Սյունիքում շինարարության ծավալների մեծ մասը պետական բյուջեի հաշվին է, ոչ թե՝ կազմակերպությունների կամ բնակչության։

Նույնը կարելի է ասել նաև Արագածոտնի մարզի մասին, որտեղ 43 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել։ Նույնքան էլ Արարատի մարզում։

Մյուս մարզերը ավելի փոքր կշիռ ու ծավալ ունեն ընդհանուր շինարարության կազմում։

Լրահոս