Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովում

Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնեց՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի  նորընտիր դատավորը ընտրություններից հետո Ազգային ժողովում երդվում է:

Երդման համար ձայնը տրվեց Վլադիմիր Վարդանյանին:

«Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ընթերցում եմ Սահմանադրական դատարանի դատավորի երդման տեքստը:

Ստանձնելով Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը:

Շնորհակալություն»,- երդվեց Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի համար առաջարկել էր Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Վլադիմիր Վարդանյանը 2018-2026 թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, 2019-2021 թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակ), ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2021 թ. հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր:

Ավելի վաղ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել էր, որ առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ՝ դադարեցրել է անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը:

Վլադիմիր Վարդանյանի կենսագրությունը՝ այստեղ, ԱԺ-ում թեկնածության ելույթը՝ այստեղ:

Լրահոս