«Մի՛ անհանգստացեք, նրանք չեն ունենալու իրենց երազած հաղթանակը». Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հրատապ հայտարարությամբ հանդես եկավ։ Դիմելով հանրությանը՝ նա  հորդորեց չանհանգստանալ, ՔՊ-ն չի ունենալու իր երազած հաղթանակը.

«Այս ուշ ժամին ես ուզում եմ ներկայացնել ձեզ այս խայտառակ ընտրությունների իրավիճակը։ Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք՝ ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում։ Մեր թիմակիցներից  75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավելի մարդ ձերբակալված է, և այս մարդիկ չհանգստանալով, որոշեցին ընտրության օրն էլ անհասկանալի գործերով զբաղվել։

Աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ ձայների հաշվարկի ժամանակ գործընթացն ընդհատեն ու ասեն՝ մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները։ Տեսնելով, որ իրենց արդյունքները խայտառակ ձևով ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և  մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ի՞նչ են ներկայացնելու։

Ես ուզում եմ ձեզ ասել, բոլորիդ ասել՝ ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի՛ անհանգստացեք, վստահ եղեք՝ իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցներից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։

Իրենք ընդամենը 30 % տվյալներ ունենալով՝ հայտարարում են, իբրև արդեն հաղթել են։ Բայց դուք գիտեք, որ 30 %-ը  ընդամենը գյուղական վայրերի արդյունքներն են։ Հենց սկսվեց քաղաքների արդյունքների հաշվարկը, ձայները սկսեցին մեծ թափով նվազել, դրա համար անցան հատուկ գործողությունների։

Դրա համար ես ուզեցի տեղյակ պահեմ, որ ապօրինությունները շարունակվում են։

Դուք տեսնում եք՝ ինչ են անում, նույնիսկ գիշերվա ժամը 12-ին Մեղրիում զինվորականներին տանում են, լցնում են ընտրատեղամաս, որ քվեարկություն անեն՝ անպայման ցանկություն ունենալով հաղթել այս ընտրապայքարը՝ չունենալով դրա համար ոչ մի հնարավորություն։ Իրենք դա զգացին՝ հենց սկսեցին արդյունքները հաշվել, հենց սկսեցին քաղաքների արդյունքները հաշվել,։

Առավոտյան վերջնական արդյունքները ունենալուց հետո մենք անպայման հայտարարությամբ հանդես կգանք ընտրության արդյունքների մասին և նորից մեր կարծիքը կհայտնենք։

Մենք առավոտյան ձեզ կներկայացնենք ճշգրիտ տվյալները»։

Լրահոս