ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից: Այդ կապակցությամբ Մոսկվայում այնքան էլ չեն հասկանում, թե ինչու ՀՀ-ի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցության վերաբերյալ: Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Ինչպես գիտեք, ԵԱՏՄ անդամ երկրների՝ կոնկրետ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգության համար առկա ռիսկերի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնել են իմ նշած բոլոր չորս պետությունների ղեկավարները մայիսի 29-ին՝ Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում»,- նշել է Միխայիլ Գալուզինը։
Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր փորձագետները կմշակեն թե՛ տնտեսական, թե՛ իրավական ասպեկտները՝ կապված ԵԱՏՄ-ում Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների հետ:
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ ԵԱՏՄ երկրների չորս նախագահները համատեղ հայտարարության մեջ հանդես են եկել այն բանի օգտին, որ այդ հանրաքվեն անցկացվի մոտ ապագայում, քանի որ հանրաքվեի անցկացումը, ըստ հայկական օրենսդրության, անհրաժեշտ է Հայաստանի՝ վերպետական ինտեգրացիոն կառույցներին անդամակցելու ժամանակ։
«Ուստի մենք, անկեղծ ասած, այնքան էլ չենք հասկանում, թե ինչու հայ ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին՝ նրանց վերաբերմունքն իրենց համար այս շատ կարևոր հարցի վերաբերյալ: Երևի, չեմ բացառում, որ այդ դանդաղկոտության համար կան որոշակի կոնյունկտուրային նկատառումներ, չէ՞»,- մեկնաբանել է փոխնախարարը հանրաքվեի թեման:
RTVI-ի զրուցակցի խոսքով՝ ԵԱՏՄ անդամների համար անընդունելի է այն իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, օրենսդրորեն ամրագրում իր այսպես կոչված եվրոձգտումները՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու բոլոր բարիքներից և առավելություններից։
«Իմ կարծիքով, անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին»: Ի՞նչ է մեզ ձեզ հետ ևս պետք, որպեսզի արձանագրենք, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսված է. ընդունվել է հատուկ օրենք այդ թեմայով: Եվ ես այստեղ այլ մեկնաբանություններ չեմ տեսնում»,- ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը այն հարցի վերաբերյալ, որ Հայաստանը դեռևս պաշտոնական հայտ չի ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար և չունի թեկնածուի կարգավիճակ:
«Ընդհանուր առմամբ, այն հարցը, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկվել, սկզբունքային նշանակություն չունի: Սկզբունքային նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի ընդունած և երկրի նախագահի ստորագրած օրենք: Եվ կան Հայաստանը Եվրամիությանը մոտեցնելու գործնական քայլեր»,- եզրափակել է Միխայիլ Գալուզինը։


