Ճամբարակ համայնքում ճանապարհների սողանքային հատվածներում իրականացվող աշխատանքների արդյունքում բարելավվում է ճանապարհների անվտանգությունն ու անցանելիությունը։
Մասնավորապես, Հ-30՝ Մ-4–Ճամբարակ–Հ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ և 51-րդ կիլոմետրերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման և ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։
Աշխատանքներն իրականացվել են Աղբերքի և Այգուտի հատվածներում՝ ընդհանուր 1247 գծամետր երկարությամբ և 7482 քառակուսի մետր մակերեսով։
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է պետական բյուջեի միջոցներով։
Աշխատանքների շրջանակում բեռնաթափվել է ճանապարհամերձ հողաշերտը, տեղադրվել են ջրահեռացման մետաղական խողովակներ և արգելափակոցներ, իրականացվել են ավազակոպճային ու կոպճային շերտերի աշխատանքներ, ինչպես նաև տեղադրվել է ֆրեզված ասֆալտի ծածկ։
Սողանքի հետևանքով ճանապարհի առանձին հատվածներում նախկինում դժվարանցանելի իրավիճակ էր ստեղծվել, ինչը խնդիրներ էր առաջացնում տրանսպորտային երթևեկության համար։ Կատարված աշխատանքների շնորհիվ նվազեցվում է սողանքի վտանգը և ապահովվում է ճանապարհի անվտանգ ու բնականոն շահագործումը։
Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2025 թվականի հոկտեմբերին և օգոստոսի 19-ի դրությամբ գտնվել էին ավարտական փուլում։

