Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝
- Աբովյան — Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Սախարովի հրապարակից,
- Պապ թագավորի փողոց — Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
- Տիգրան Մեծի պողոտա — Խանջյան փողոց խաչմերուկից,
- Վազգեն Սարգսյան — Խորենացու փողոցների խաչմերուկից։
Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։


