Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում, Փարպի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Ֆրանգյանը և կրտսեր պարեկ Նարե Խաչատրյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։


