Ի՞նչ է հայտնի Իրկուտսկում ժանտախտի հնարավոր դեպքի մասին․գրեթե 5 հազար հետազոտություն է իրականացվել

Ռուսաստանի Ռոսպոտրեբնադզորը հայտարարել է, որ Իրկուտսկում և Իրկուտսկի մարզում բնակչության համար համաճարակաբանական վտանգ չի արձանագրվել։ Հայտարարությունը հաջորդել է տեղի հակաժանտախտային ինստիտուտի աշխատակցուհու՝ անհայտ ծագման թոքաբորբով հիվանդանալուն և մահանալուն։

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ հիվանդացած կնոջ հետ շփված մարդկանց ավելի քան 90 տոկոսի նկատմամբ բժշկական հսկողությունն արդեն ավարտվել է։ Գրեթե 5 հազար լաբորատոր հետազոտություն է իրականացվել, որոնց արդյունքում վտանգավոր հարուցիչներ չեն հայտնաբերվել։ Կոնտակտավորների շրջանում նույնպես վարակիչ հիվանդության հետ կապված առողջական փոփոխություններ չեն արձանագրվել։

Միաժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերը հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ նախնական գնահատմամբ ռիսկը Իրկուտսկի համար չափավոր ցածր, Ռուսաստանի համար՝ ցածր, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի համար՝ շատ ցածր է։ Կազմակերպությունը շարունակում է հետևել իրավիճակին։

Ռոսպոտրեբնադզորը նաև հայտնել է, որ երկու հանձնաժողով ուսումնասիրել է Իրկուտսկի հակաժանտախտային ինստիտուտում կենսաբանական անվտանգության պահանջների պահպանումը։ Ըստ գերատեսչության՝ ախտածին միկրոօրգանիզմների հետ աշխատանքի ընթացքում վթարային իրավիճակներ չեն արձանագրվել։

Ավելի վաղ Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը հայտարարել էր, որ կինը մահացել է ժանտախտից, սակայն Ռոսպոտրեբնադզորը այդ ախտորոշումը չի հաստատել։ Պաշտոնապես նշվել է «անորոշ ծագման թոքաբորբ» ախտորոշումը, իսկ ընդլայնված հետազոտությունների արդյունքում կնոջ մոտ մասնագիտական գործունեության հետ կապված հարուցիչներ չեն հայտնաբերվել։

Անի Վարդանյան

Լրահոս