Կարևորվել են անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը, պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը

Երևանում անցկացվող «Անհայտ կորած անձանց ճակատագիրը. մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» միջազգային համաժողովի «Անհայտ կորած անձանց վերաբերյալ իրավական կարգավորումները» խորագրով պանելային քննարկման շրջանակում Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը ներկայացրել է անհայտ կորած անձանց իրավունքների պաշտպանության ներպետական օրենսդրությամբ նախատեսված մեխանիզմները։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարի տեղակալն անդրադարձել է 2026 թվականի մայիսին ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքին՝ առանձնացնելով անհայտ կորած անձանց իրավունքների երաշխավորումը, նրանց ճակատագրի և գտնվելու վայրի պարզաբանման ուղղությամբ պետության պարտավորությունները, ինչպես նաև ընտանիքի անդամների իրավունքներն ու սոցիալական պաշտպանության երաշխիքները։

Նախարարի տեղակալը կարևորել է անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը, պետական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը, նույնականացման գործընթացները և ընտանիքներին հավաստի տեղեկատվության տրամադրումը՝ անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանմամբ։

Եզրափակելով ելույթը՝ Աննա Կարապետյանն ընդգծել է, որ օրենքի արդյունավետ գործարկումը պետք է նպաստի անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը, նրանց արժանապատվության և ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։

Լրահոս