Ֆինանսների նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՀ-ի և ՀԲ-ի կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների` Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումներին:

 

Մի շարք երկկողմ հանդիպումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչներն արդյունավետ և կառուցողական երկխոսություններ են վարել ԱՄՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով, մասնավորապես, Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակին, հարկաբյուջետային քաղաքականությանը ու ոլորտում արձանագրված վերջին զարգացումներին և կանխատեսումներին առնչվող հարցեր։

 

Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող նոր Պահուստային ծրագրի (Stand-by Arrangement) շրջանակում նախանշված տնտեսական ցուցանիշներին, ինչպես նաև համագործակցության առաջնահերթ ուղղություններին:

 

Կարևորվել է նաև խաղաղության օրակարգի ներքո իրականացվող բարեփոխումների և կայուն ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրագործման նպատակով տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ԱՄՀ-ի հետ նոր ծրագիրը կարող է կարևոր դերակատարում ունենալ Հայաստանի տնտեսական կայունության ամրապնդման և բարեփոխումների շարունակականության ապահովման գործում՝ նպաստելով առավել ապահով և բարեկեցիկ ապագայի ձևավորմանը։

 

Հանդիպումների ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ամրապնդելու գործընկերային հարաբերությունները, ինչպես նաև ընդլայնելու համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Լրահոս