Պացիենտը բուժման կարիք ունի. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպմանը խոստացել է քաղաքական «կլիզմա» անել Հայաստանի իշխող կուսակցությանը։

Հանդիպման սկզբում նա առաջարկել է պատկերացնել, թե իրավիճակը տեղափոխվել է 2021 թվականի մայիս. ընթանում է նախընտրական քարոզարշավը, և Նիկոլ Փաշինյանն ասում է, թե բոլորին սիրում է, սրտիկներ է շռայլում, բայց նաև հայտնում է, որ ամեն ինչ թանկանալու է՝ տրանսպորտն ու հարկերը, որ հանձնելու է Արցախը, որ եռաապատկելու է Եռաբլուրի տարածքը։ Եվ արդյունքում հաղթում է ու մեծամասնություն ձևավորում։ «Հնարավո՞ր է նման բան պատկերացնել։ Այս քաղաքական թիմը քաղաքական խարդախներ են։ Խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ավերություններ զոհեր։ Ընդհանրապես արել են ամեն ինչ՝ ցույց տալու համար, որ իրենց խոսքը ունի զրոյական արժեք։ Պատրա՞ստ ենք մի անգամ էլ քվեարկել նրանց օգտին»,- դիմել է Քոչարյանը բնակիչներին։

«Ո՛չ»,- պատասխանել են վարչական շրջանի բնակիչները։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ 8 տարվա ընթացքում իշխանությունները պետական պարտքն ավելացրել են 8 միլիարդով՝ միաժամանակ չիրականացնելով ոչ մի խոշոր ծրագիր։ «Խոստանում էիք Աջափնյակի մետրո՝ զրո։ Երևանում խցանումները խնդիր են դարձել։ Խոստանում էին կանաչապատում՝ Երևանում ավելի աղտոտված օդ ունենք։ Սա նորմալ չէ մի թիմի համար, որը 8 տարի իշխանության գլխին է»,- նկատել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ «Լինսի» հիմնադրամի օգնության ծրագրի ծավալը 230 միլիոն դոլար էր, և որքան բան է կառուցվել Երևանում այդ գումարով։

«Ո՞ւր է 8 միլիարդը։ Լափել են։ Ուրախ ավտոբուսի մեջ ամբողջ օրը ուտում են, այդպես էլ 8 միլիարդը կերան։ Զարմանալի է, որ մարսում են։ Փորկապություն չունեն։ Այդ փորկապությունը լինելու է հունիսի 7-ից հետո՝ հունիսի 8-ին։ Գիտե՞ք չէ մի սարք կա, որ մեջը ջուր են լցնում։ Փորկապության բուժման միակ գործիքը դա է։ Բուժելու ենք։ Պացիենտը բուժման կարիք ունի»,- խոստացել է Քոչարյանը։

Նա հիշեցրել է խաղաղության և անվտանգության բանաձևը՝ մրցունակ բանակ, ուժեղ առաջնորդ, հզոր դաշնակից։ Այս երեք բաղադրիչները փոխկապակցված են, հակառակ դեպքում ամեն ինչ մնում է հակառակորդի հայեցողությանը, նշել է Քոչարյանը։ Ըստ նրա գնահատականի, այսօր բանակը դարձել է պահակախումբ, զորավարժությունների մասին շատ վաղուց լուր չկա։ «Ուժեղ առաջնո՞րդ։ Ունե՞նք մենք այսօր ուժեղ առաջնորդ։ Խայտառակություն է, կզած, ծնկած, երկիրը խայտառակող, հարբեցող։ Հզոր դաշնակի՞ց։ Ամեն օր հետևողականորեն փչացնում են հարաբերություններն այդ դաշնակցի հետ, ինչի՞ համար, որ ստեղծեն մի վիճակ ձեզ ասելու, որ ժողովուրդ ջան, ելք չունենք, մենակ ենք, ոչ ոք մեր կողքին կանգնած չի, խեղճ ենք ուրեմն պետք է ենթարկվենք բոլոր պահանջներին։ Միայն թշնամին է կարող առաջնորդել երկիրը այս տարբերակով։ Մենք սա մերժում ենք»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Վերջում նա հիշեցրել է՝ ով քվեարկում է Նիկոլի օգտին, քվեարկում է Ալիևի օգտին։ «Մեր ապագան մեր ձեռքերում է»,- ասել է Քոչարյանը։

Լրահոս