Առանց պայմանագրի խաղաղությունը համաշխարհային պրակտիկա է, իսկ գործող իշխանությունը Բաքվի հետ թուղթը վերածել է աստվածաշնչյան ֆետիշի․ Ռոբերտ Քոչարյան

Աշխարհում տասնյակ օրինակներ կան, երբ պետությունները, ունենալով տարածքային սուր վեճեր, միաժամանակ ակտիվորեն համագործակցում են, ծավալում լայնամասշտաբ առևտուր և դիվանագիտական հարաբերություններ պահպանում՝ առանց որևէ խաղաղության պայմանագրի։ Այս մասին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն հայտարարել է երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Ընդդիմադիր քաղաքական գործիչը խստորեն հակադարձել է հանրությանը պարտադրվող այն թեզին, թե առանց Բաքվի հետ վերջնական փաստաթղթի ստորագրման հնարավոր չէ կառուցել անվտանգության կենսունակ համակարգ։ Քոչարյանն ընդգծել է, որ գործող իշխանությանը «հաջողվել է այդ պայմանագիրը վերածել կեղծ ֆետիշի ու համարյա թե Աստվածաշնչի», մինչդեռ միջազգային իրական փորձը բոլորովին այլ մոտեցումներ է ցույց տալիս։ Որպես դասական օրինակ՝ քաղաքական գործիչը նշել է Ջիբրալթարի շուրջ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի բազմադարյան վեճը՝ փաստելով, որ չնայած դեռևս 1710 թվականից սկիզբ առած տարածքային պահանջներին՝ երկու երկրներն էլ հաջողությամբ համագործակցել են Եվրամիության շրջանակներում, ունեն հսկայական ապրանքաշրջանառություն և չեն պատրաստվում պատերազմել։

Տարածքային վեճերի առկայության պայմաններում համակեցության նմանատիպ կենսունակ մոդելներ գոյություն ունեն նաև Չինաստանի ու Հնդկաստանի, ինչպես նաև Իսպանիայի ու Մարոկկոյի հարաբերություններում։ Նախկին նախագահի համոզմամբ՝ Հայաստանը պարտավոր է արմատապես փոխել Ադրբեջանի հետ բանակցությունների տրամաբանությունը՝ հրաժարվելով «խաղաղության օրակարգի» կարգախոսի ներքո արվող անվերջանալի միակողմանի զիջումների քաղաքականությունից։ Այս համատեքստում Քոչարյանը պարզաբանել է. «Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալ պետք է, ի վերջո, նա մեր հարևանն է։ Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հետ՝ համաձայն ես, թե համաձայն չես, դու դա արձանագրում ես, արձանագրում ես այդ խնդիրների առկայությունը»։ Երկրորդ նախագահի խոսքով՝ Երևանը պետք է միջազգային հարթակներում հետևողականորեն պաշտպանի իր բանակցային դիրքերը՝ ստիպելով Բաքվին ընդունել գոյություն ունեցող տարաձայնությունները, այլ ոչ թե լռության մատնել դրանք։

Հարևան պետության ճնշումը թուլացնելու համար քաղաքական գործիչը հորդորել է շտապ կարգով ռազմավարական այլընտրանքներ ստեղծել՝ ընդգծելով. «Եթե դու չափազանց կախված ես դրանից, ապա խնդիրներ ես ունենալու։ Ստեղծի՛ր քեզ համար այլընտրանք, շեշտը դի՛ր քո բանակցային դիրքերի վրա»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչ քայլերի կարող է դիմել Նիկոլ Փաշինյանը ընտրություններում պարտվելու դեպքում, և արդյոք կա՞ն ռիսկեր, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ արհեստականորեն կնշանակվի կրկնակի քվեարկություն՝ Ռոբերտ Քոչարյանը բացառել է իրադարձությունների նման զարգացումը։ «Չեմ կարծում, թե նա կգնա նման ռիսկի, որովհետև նման իրավիճակներում դեպի այդօրինակ ապօրինություններ գնալը հղի է հեղափոխական հետևանքներով։ Նա պարզապես մեծ փորձանք կբերի իր իսկ գլխին, եթե փորձի քաղաքացիների կամքին հակառակ ուժով պահել իշխանությունը»,- եզրափակել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Լրահոս