Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Որովհետև եթե մենք մկրատը վերցնենք, դա կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի, Ջերմուկի հատվածը կկտրի, կվերցնի Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի և այդպես ուրիշ հատվածներ»,-նշել է նա։
Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն կառուցողական է տրամադրված և ինքը մտավախություն չունի, որովհետև իրավիճակը հայելային է, կա Արծվաշենը՝ կան մյուսները, ինչպես Արծվաշենի լուծումը կտրվի, մյուսներինն էլ՝ նույն ձևով:
«Ճամբարակում ունեցած շփումների ժամանակ մարդիկ երկու տեսակետ են հայտնել, այդ թվում՝ արծվաշենցիները: Մի մասն ասել է՝ պետք է հասնել նրան, որ գյուղը վերականգնվի և մենք գնանք ապրենք, եղել են մարդիկ, որ ասել են՝ այսքան տարի անցել է, եկեք մի լուծում գտնենք, տարածքի բալանսը չխախտվի, մենք էլ հերթական անգամ չտեղաշարժվենք»,-նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ երկու տեսակետն էլ կա, բայց դա հետագա քննարկման և համաձայնության հարց է: Այս պահին պայմանավորվածություն, որոշում, ակնարկներ, թե ինչ են անելու, ինչպես են անելու՝ չկա, գոյություն չունի:
«Արձանագրումն այն է, որ այն քարտեզները, որոնք դրված են սահմանազատման հիմքում, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են և ճակատագրական սխալ կլինի մկրատը վերցնել, քարտեզների այդ հատվածները կտրելը: Դա կնշանակի մկրատը վերցնել, քարտեզը կտրելու գործողությունը լեգիտմիացնել: Մենք դրան չենք գնում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:


