Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Լիբանանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության հանձնման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի համերաշխությունը բարեկամ Լիբանանի և լիբանանցի ժողովրդի հետ՝ ընդգծելով, որ մարդասիրական այս օգնությունը երկու ժողովուրդներին միավորող պատմական բարեկամության, փոխադարձ վստահության և համերաշխության հերթական վկայությունն է։ Նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել իր ներդրումն այն նախաձեռնություններում, որոնք միտված են Լիբանանում առկա մարդասիրական խնդիրների հասցեագրմանը։
Իր հերթին գեներալ Բասսամ Նաբուլսին երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանի համար այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերված աջակցության և համերաշխության համար՝ ընդգծելով, որ այս աջակցությունը բարձր է գնահատվում ինչպես Լիբանանի կառավարության, այնպես էլ ժողովրդի կողմից։


