Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։
«Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում։ Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- ասել է նա։
Հակոբյանը դիմել է կանանց՝ կոչ անելով չլռել ընտանեկան բռնության դեպքերի մասին։
«Միայն մենք կարող ենք իրար օգնել և իրար պաշտպանել։ Պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին՝ հայտարարելով, որ այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում։ Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ կանայք չպետք է վախենան բարձրաձայնել խնդրի մասին։
«Մի՛ վախեցեք։ Ամենավատն արդեն մեզ հետ պատահել է։ Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ՝ հստակ հայտարարելով՝ չենք հանդուրժում այլևս»,- ասել է վարչապետի տիկինը։
Մանրամասները՝ տեսանյութում։

