Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն այս տարվա հունիսի 7-ին քվե տված ավելի քան 700,000 քաղաքացուն, որոնք հստակ և աներկբա մանդատ են տվել «Քաղաքացիական պայմանագրին»՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, շարունակելու խաղաղության օրակարգը՝ կազմելով կառավարություն: Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի ժամանակ ասել է ՔՊ պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի թենածու Ռուբեն Ռուբինյանը:
«Հունիսի 7-ին դուք պաշտպանեցիք Հայաստանը, դուք պաշտպանեցիք Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, դուք պաշտպանեցիք հայկական ժողովրդավարությունը և այժմ եկել է լավ ապրելու ժամանակը, խաղաղության պայմաններում, առանց հակամարտության, առանց պատերազմների երեխաններ ունենալու և մեծացնելու ժամանակը:
Իմ, գրեթե 2-ամյա տղան, պատերազմ չի տեսել, նրա հասակակիցները պատերազմ չեն տեսել և ես անելու եմ ամեն ինչ, որ իմ և ձեր, բոլորիս երեխաները չիմանան և չտեսնեն՝ ինչ է պատերազմը»,-նշել է նա:
Ռուբինյանն ասել է, որ վերջին ամիսներին և հատկապես՝ վերջին շաբաթներին մի տարօրինակ և անսպասելի կոնսենսուս է ձևավորվել, որը հետևյալն է՝ ՀՀ ԱԺ-ն անիմաստ վեճերի, զազրախոսության, վիրավորանքի տեղ է և, որ այս գումարման ԱԺ-ն, այդ իմաստով, ավելի վատն է լինելու, քան նախորդը:
«Ես ուզում եմ ձեզ առաջարկել, որ մենք կոտրենք այս նախախնամությունը կամ անեծքը, ինչպես ուզում եք՝ կոչեք»,-հավելել է ԱԺ նախագահի թեկնածուն՝ դիմելով ընդդիմությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ տեղի է ունենում 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։
Հայաստանի խորհրդարանի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12:

