Կարծում եմ՝ մեզ ձեռք չի տալիս ամեն անգամ, ցանկացած մարդու, որը բանակցություններ է վարում հակառակորդի հետ, թշնամու հետ, մյուսի հետ, իրեն պիտակավորել միայն նրա համար, որ ինքը բանակցում է: Այս մասին Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի ժամանակ ասել է Ազգային ժողովի նախագահի թենածու Ռուբեն Ռուբինյանը:
«Ես 31 տարեկանում ստանձնել եմ այդ պատասխանատվությունը, որն իմացել եմ՝ ինձ տալու է 0 քաղաքական օգուտ: Դա ֆորմալ պաշտոն չէր, ո՛չ իմ աշխատավարձն է բարձրացել, դա ավելացրել է սպեկուլացիաներն իմ հասցեին, ավելացրել է վիրավորանքներ իմ հասցեին, ավելացրել է մեղադրանքներ իմ հասցեին:
Ես՝ որպես անձ, այդ գործընթացից ոչինչ չեմ շահել, բայց ինչո՞ւ եմ ես դա արել, որովհետև ես ինձ խոստացել եմ, որ ես պետք է անեմ ամեն ինչ, որ երբևիցե չկրկնվի այն իրավիճակը, որ Հայաստանը հայտնվի պատերազմի մեջ, որում Թուրքիան կլինի Հայաստանի դեմ և որում թուրքական զինատեսակները կկրակեն հայ զինվորի վրա: Ես ինքս ինձ խոստացել եմ, որ ես դա պետք է անեմ և եթե դա պետք է նշանակեր, որ պետք է ինձ վիրավորեն, պետք է պիտակավորեն, ես դրան պատրաստ եղել եմ, հիմա էլ եմ պատրաստ:
Ես խորհուրդ եմ տալիս մեր ընդդիմադիր գործընկերներին՝ վերլուծել վերջին հինգ տարվա քաղաքական գործընթացները և տեսնել՝ նախորդ խորհրդարանական ընդդիմության խոսույթն օգուտ բերե՞ց, թե՞ չբերեց»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ տեղի է ունենում Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը։
Հայաստանի խորհրդարանի 9-րդ գումարման կազմը ձևավորվել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ըստ այդ արդյունքների՝ խորհրդարանը կունենա 105 պատգամավոր, որից «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29, «Հայաստան» դաշինքը՝ 12։

