Գևորգ Պապոյանն ու ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին։ Հանդիպումը կայացել է Երևանում անցկացվող Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սոս Ավետիսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և կազմակերպության ներկայացուցիչներ։

Հանդիպման մեկնարկին նախարար Գևորգ Պապոյանը Շեյխա Նասեր Ալ-Նուեյսին ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահին։ Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը շնորհավորել է Անուշիկ Ավետյանին՝ նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը պատրաստ է աջակցել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և համագործակցել նոր թիմի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները, միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային ներուժի ներկայացման, ոլորտի ռազմավարության և տվյալների վերլուծության կատարելագործման ուղղությունները։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել բժշկական զբոսաշրջության զարգացման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են առողջապահության և զբոսաշրջության ոլորտների համագործակցությունը՝ Հայաստանը միջազգային շուկայում որպես բժշկական զբոսաշրջության գրավիչ ուղղություն ներկայացնելու և ոլորտի զարգացման ներուժն արդյունավետ օգտագործելու նպատակով։

Շեյխա Նասեր Ալ-Նուեյսը տեղեկացրել է, որ Հայաստանին կառաջարկվի 100 կրթաթոշակ՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության առցանց ակադեմիայի դասընթացներին մասնակցելու համար՝ ոլորտի մասնագետների գիտելիքների և մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով։

Քննարկվել են նաև կայուն զբոսաշրջության զարգացման, միջազգային հարթակների միջոցով Հայաստանի զբոսաշրջային ներուժի առավել լայն ներկայացման և կազմակերպության կողմից տեխնիկական աջակցության տրամադրման հնարավորությունները։

Լրահոս

Օրվա կարևոր