ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք այն չարաշահելու դժբախտություն ենք ունեցել. Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ Կառավարության համար կենսաբազմազանության պաշտանությունը առանձնահատուկ թեմա է, և մենք հատուկ պատասխանատվություն ենք զգում մեր բնության նկատմամբ, որովհետև պիտի խոստովանեմ, որ ՀՀ-ի դժվար օրերին մեր բնությունն է մեզ փրկել, և մենք նրան չարաշահելու դժբախտություն ենք ունեցել: Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացման ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վաղ 1990-ականներին, երբ ՀՀ-ն անկախություն ստացավ, Խորհրդային Միության տնտեսական համակարգի փլուզման և հակամարտության հետևանքով Հայաստանում էներգետիկ և սոցիալ-տնտեսական ճգնաժամ սկսվեց: Երկիրը հայտնվեց շրջափակման մեջ, բավարար էլեկտրական հոսանք, գազ, նավթամթերք կամ քարածուխ չկային, և մարդիկ իրենց բնակարանները տաքացնում էին հիմնականում փայտով:

Մայրաքաղաք Երևանը շատ արագ կերպափոխվեց, և բազմաբնակարան շենքրի պատուհաններից դուրս եկող հազարավոր ծխնելույզներ կարելի է տեսնել: Այս պայմաններում Հայաստանի անտառների զանգվածային հատումներ սկսվեցին, որը տնտեսական բնականոն գործունեության գրեթե բացակայության պայմաններում դարձավ երկրի շահութաբեր բիզնեսներից մեկը: Նույնիսկ մայրաքաղաք Երևանի փողոցների և զբոսայգիների ծառերն էին հատվում, և իշխանություններին շատ դժվար էր այս երևույթների դեմ պայքարելը:

Այսպես Հայաստանում հատվեցին հազարավոր հեկտարների անտառներ և կանաչ տարածքներ, լայնորեն տարածվեց որսագողությունը, ինչը ծանր հարված հասցրեց մեր բնությանը և կենսաբազմազանությանը: Նման իրավիճակ էր ստեղծվել նաև Սևանա լճում, որը Հարավային Կովկասի ամենամեծ քաղցրահամ լիճն է և գտնվում է ծովի մակերևույթից շուրջ 1900 մետր բարձրության վրա և ՀՀ-ի ամենամեծ լիճն է:

90-ականների սկզբներին, երբ ներմուծումների և արտադրությունների շղթաները ջարդվել էին, և ՀՀ-ում ամենօրյա սննդի խնդիր կար, Սևանա լճի ձկնային պաշարները եկան մեզ փրկության: Առանց չափազանցության՝ մի քանի տարի Սևանի սիգը Հայաստանի բնակչությանը սնող հիմնական մթերքն է եղել, սա էլ իր հերթին սպառման եզրին էր հասցրել Սևանի ձկնային պաշարները, որտեղ, բացի սիգից, բնակվում է նաև Սևանի համար էնդեմիկ բացառիկ ձկնատեսակը՝ Սևանի իշխանը՝ 4 ենթատեսակներով:

Հարգելի՛ ներկաներ, վերջերս մի առիթով ունեցած իմ ելույթի ժամանակ ասացի, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, Կառավարությունը, պետական իշխանությունը և ՏԻՄ-երը պարտք ունենք վերադարձնելու մեր բնությանը, և սա թերևս արտահայտում է այն քաղաքականությունը, որը մենք փորձում ենք վարել»,- ասել է նա:

Լրահոս