ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ «Մերիդիան» ցուցահանդեսների կենտրոնում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։
ԿԳՄՍՆ-ից հայտնում են՝ հանդիպման առանցքային թեման 2027 թվականին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքներն են եղել։ Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացմանն աջակցելու համար՝ շեշտելով Հայաստանի հանձնառությունը ֆրանկոֆոն արժեքների տարածմանը, բազմալեզվության խթանմանը, միջմշակութային երկխոսության զարգացմանը և երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ խաղերի հյուրընկալումը Հայաստանի համար ոչ միայն միջազգային մարզական և մշակութային խոշոր իրադարձություն է, այլև ֆրանկոֆոն ընտանիքի հետ կապերի ամրապնդման, երկրի միջազգային ճանաչելիության բարձրացման և երկարաժամկետ համագործակցության ընդլայնման կարևոր հնարավորություն։
Անդրադարձ է եղել խաղերի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ մրցումների անցկացման վայրերի նախապատրաստմանը, միջազգային փորձագետների հետ համագործակցությանն ու կամավորների ներգրավմանը։
Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու խաղերի՝ բարձր մակարդակով և միջազգային չափանիշներին համապատասխան կազմակերպումը՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ։ Այս համատեքստում կարևորվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությունը խաղերի միջազգային առաջխաղացմանը, անդամ պետությունների ակտիվ ներգրավմանը, ազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի մասնակցության խրախուսմանը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և բարձր գնահատել Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի կազմակերպման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը։ Նա կարևորել է խաղերի անցկացումը Հայաստանում՝ ընդգծելով դրանց նշանակությունը ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման, երիտասարդների ակտիվ ներգրավվածության և փոխգործակցության խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն արժեքների տարածման տեսանկյունից։ Լուիզ Մուշիկիվաբոն նաև վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղերի հաջող կազմակերպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, երիտասարդության, մշակույթի և ֆրանսերենի ուսուցման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է զարգացնել համատեղ ծրագրերը ինչպես խաղերի նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց ավարտից հետո՝ ապահովելով համագործակցության շարունակականությունը։
Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Ծրագրում ընդգրկված են 10 մարզաձև և 10 մշակութային մրցույթ։



