Համայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Արաբկիր վարչական շրջանի շուկային հարակից տարածքում՝ Կոմիտասի պողոտայի և Վազգեն Ա Վեհափառի փողոցի հիմնանորոգման ծրագրի շրջանակում, ապամոնտաժել ենք կրպակաշարը, որոնց վարձակալության պայմանագրերի ժամկետներն ավարտվել էին։
Ազատված տարածքը բարեկարգելու և կանաչապատելու ենք, փոխելու ենք մայթերի ծածկույթը, վերգետնյա մալուխներն անցկացնելու ենք ստորգետնյա եղանակով՝ ստեղծելով ավելի հարմարավետ և բարեկարգ միջավայր երևանցիների համար»,- գրել է քաղաքապետը։


































