Մեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռшզմական արբանյակը

Մեծ Բրիտանիան Երկրի մակերևույթի դիտարկման համար ուղեծիր է արձակել Titania երկրորդ ռազմական արբանյակը: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Արձակումն իրականացվել է հոկտեմբերին: Ինչպես նշել են բրիտանական ՊՆ-ում, Titania-ն կշռում է մոտ 100 կգ և 27 000 կմ/ժ արագությամբ շարժվելով՝ Երկրի շուրջ պտույտ է կատարում յուրաքանչյուր 90 րոպեն մեկ: Արբանյակը մշակվել և արտադրվել է անգլիական Հեմփշիր կոմսությունում՝ Պաշտպանական գիտության և տեխնոլոգիաների լաբորատորիայի (DSTL — Defence Science and Technology Laboratory) և BAE Systems ընկերության միջև գործընկերության շրջանակներում:

Իր առաջին Tyche ռազմական արբանյակը Մեծ Բրիտանիան ուղեծիր է արձակել 2024 թվականի օգոստոսին: Ակնկալվում է, որ 2027 թվականին դուրս կբերվեն Juno և Oberon արբանյակները:

Բացի այդ, Լոնդոնը Inaros նախագծի շրջանակներում կանցկացնի երեք նեյրոմորֆ սենսորների փորձարկումներ՝ տիեզերական տարածությունում տեղաշարժերին հետևելու համար: Դրանք տեղակայվելու են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Կիպրոսում գտնվող օբյեկտներում: Ինչպես նշել են Թագավորության պաշտպանության նախարարությունում, այդ տվիչները կարող են օգտագործվել որպես վաղ ազդարարման համակարգ՝ բրիտանական արբանյակների հարևանությամբ անսովոր կամ սպառնալից գործունեությունը հայտնաբերելու համար:

Լրահոս