Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի բնակարաններում։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձավ Նարեկ Կարապետյանի և մյուսների բնակարանների խուզարկությունների փաստին՝ ընդգծելով, որ դրանք իրավական ստանդարտ պրոցեսներ են։
«Քննիչի կողմից կայացվել է համապատասխան որոշում, ոստիկանությունն այս պրոցեսում աջակցող դերակատարում ունի, և ցանկացած իրավիճակում, անկախ անձի անուն-ազգանունից, բնական է, որ եթե կա խուզարկության հիմք, խուզարկությունները պետք է տեղի ունենան»,– ասաց ՆԳ նախարարը։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։
Մեր տեղեկություններով՝ խոսքը ՀԷՑ-ի հետ կապված տնտեսական բնույթի հանցագործության մասին է։


































