Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա

Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու կամ դրա դիմաց վերջինիս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից:

«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչներից պարբերաբար ստացել և շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ կառուցապատողները լրացուցիչ վճարներ են պահանջում գազի մատակարարման բաժանորդ դառնալու համաձայնություն տրամադրելու համար։

Ներկայացված բողոքների հիման վրա հարուցվել են մի շարք վարույթներ։ Միաժամանակ հարցին համակարգային լուծում տալու նպատակով այն բարձրացվել է նաև ոլորտը կարգավորող լիազոր մարմնին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Կազմակերպվել են քննարկումներ ՀԾԿՀ-ի և «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։

Օպերատիվորեն արձագանքելով Հանձնաժողովի բարձրացրած մտահոգություններին՝ ՀԾԿՀ-ն 2026 թվականի հոկտեմբերի 14-ի N 284-Ն որոշմամբ հստակեցրել է գործող կարգը (հիմնավորումը՝ https://www.e-draft.am/projects/10587/justification):

Տեղեկացնում ենք բնակիչներին, որ համաձայն գործող կարգի՝ նորակառույց բազմաբնակարան շենքում գազիֆիկացում ունենալու համար՝

  • կառուցապատողի  համաձայնությունը  ստանալու, առավել ևս դրա դիմաց վերջինս վճարում կատարելու անհրաժեշտություն չկա,
  • «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀԾԿՀ-ի 2005 թվականի հուլիսի 8-ի թիվ 95-Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս