Ակտիվացնելով Հայաստան-սփյուռք կապերը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Հունաստանի «Հայաստան» կենտրոնի համահիմնադրին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր Մինաս Տեր-Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին տարբեր երկրներում սփյուռքի կառույցների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և սփյուռքի կրթամշակութային կապերի զարգացումը և այդ առումով շարունակական երկխոսությունը սփյուռքի համայնքների ներկայացուցիչների հետ. «Դուք սփյուռքում կարևոր գործունեություն եք ծավալում, ինչն անգնահատելի է: ԿԳՄՍ նախարարության համակարգման առանձին ոլորտ են նաև սփյուռքի հետ կրթամշակութային կապերին ուղղված ծրագրերը. դրանց շուրջ համագործակցային բազմաթիվ հնարավորություններ կան»:

Ներկաները շնորհակալություն են հայտնել հանդիպման համար՝ ընդգծելով սփյուռքի կրթամշակութային ծրագրերում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության կարևորությունն ու շարունակականության ապահովումը: Նրանք ներկայացրել են իրենց համայնքներում կրթական գործունեության կազմակերպման մանրամասները, ձեռքբերումներն ու ընթացիկ խնդիրները:

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ ներկայում ընթանում է «Հայերենի գնահատման» թվային հարթակի ստեղծման ծրագիրը՝ որպես հայերենի իմացությունը ստուգելու հնարավորություն՝ եվրոպական լեզուների գնահատման ընդհանուր տրամաբանության շրջանակում: Ըստ նախարարի՝ առաջին փուլի համար արդեն իսկ մշակվել են չափորոշիչներն ու առաջադրանքները, ներկայում մշակվում են շտեմարանները, իսկ արդեն թվային հարթակի գործարկումից հետո նախատեսվում է իրականացնել տարաբնույթ դասընթացներ նաև արտերկրում սփյուռքահայերի և շահագրգիռ օտարազգիների շրջանում հայերենի ուսուցանման և կամ հայերենի իմացության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին սփյուռքի հետ կրթամշակութային կապերի զարգացմանը միտված ծրագրերի համար, այդ թվում՝ համայնքներին դասագրքեր տրամադրելու, հայագիտական կենտրոնների ցանկն ընդլայնելու համար։

Կարևորելով սփյուռքի հայկական դպրոցների մանկավարժների կարողությունների զարգացումը, փորձի փոխանակումն ու հիմնախնդիրների ձևավորումը՝ կողմերն անդրադարձել են ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացվող սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին, երկու տարի պարբերականությամբ իրականացվող կրթական խորհրդաժողովներին:

Ներկայացվել է նաև ՀՀ Կառավարության աջակցությամբ աշխարհի տարբեր երկրներում հայագիտական ամբիոններ բացելու պետական քաղաքականությունը, որը հանդիսանում է ռազմավարական թիրախ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ նպատակը հայագիտության շարունակական զարգացումն է։ Նշվել է, որ այս ուղղությամբ հայագիտական խորհրդաժողովներ են անցկացվում թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում, այդ թվում՝ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում:

Սփյուռքին տրվող աջակցության շրջանակում մատնանշվել է սփյուռքի կրթամշակութային կառույցներին տրվող դրամաշնորհային ծրագիրը, որը ևս տարաբնույթ միջոցառումներ նախաձեռնելու հնարավորություն է տալիս:

Լրահոս