ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով. Սուրեն Պապիկյան

ՀՀ սահմաններին պահպանվել է հարաբերական կայուն իրավիճակ՝ պայմանավորված Վաշինգտոնում կնքված փաստաթղթով: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«2025 թվականի ընթացքում սահմանային հատվածներում մարտական պայմաններում զոհեր և վիրավորներ չեն եղել: 2025 թվականին հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է զինծառայողների ատեստավորման,  «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառուների շրջանակների ընդլայնման, պատրաստության նոր ծրագրերի մշակման, զինված ուժերի հաստիքային ու կազմակերպչական կառուցվածքի բարելավման և այլ աշխատանքներ:

Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակներում ատեստավորվել և ծառայությունը շարւնակում է 6,270 զինծառայող: Ատեստավորման գործընթացի ներդրման պահից սկսած ատեստավորվել է դիմողների 73 տոկոսը: Ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության ներգրավվելու «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շահառու է դարձել 1,770 զինծառայող»,- նշել է նա:

Լրահոս